Ի՞նչ է պարապլանը

 

Պարապլանը սավառնակ է, (պլաներ) ինչպիսին, օրինակ, դելտապլանն է և, չնայած պարաշյուտի հետ նրա արտաքին նմանությանը, պարապլանը իր կիրառությամբ ոչ մի ընդհանուր բան չունի պարաշյուտի հետ:

Ավիացիայում պարապլանը պատկանում է առանց շարժիչ, գերթեթև, ղեկավարվող թռչող սարքերի դասին:

Ինչպես բոլոր ճախրող թռչունները և սավառնակները, այնպես էլ պարապլանը տևական թռիչքների համար օգտագործում է ջերմային* և դինամիկ** վերամբարձ օդային հոսանքները, ինչի շնորհիվ հնարավոր է ճախրել ավելի քան 7 ժամ, և այդ ընթացքում կտրել-անցնել հարյուրավոր կիլոմետրեր (այս պահին աշխարհի ռեկորդն է 502,9 կմ):

Սավառնակների ընտանիքում պարապլանը ամենաերիտասարդն է, և օժտված է այնպիսի հատկություններով, որոնց մասին ընդամենը 30 տարի առաջ կարելի էր միայն երազել:

Դրանք են.

-Թռիչքի համար անհրաժեշտ բոլոր պարագաների հետ միասին այն կշռում է ընդամենը մոտ 17 կգ, և այդ ամենը տեղավորվում է ընդամենը 1 ուսապարկի մեջ:

-Պարապլանը ամենաէժան թռչող սարքն է:

-Նրանով կարող է թռչել յուրաքանչյուր չափահաս, առողջ անձ:

-Պարապլանով հնարավոր է թռչել շատ դանդաղ (30 կմ/ժ) ինչը թույլ է տալիս օդաչուին օգտագործել նույնիսկ փոքր օդային հոսանքները, մանևրել սահմանափակ տեղանքում և վայրէջք կատարել մեկ ավտոմեքենայի կայանատեղի չափեր ունեցող փոքր տարածքի վրա:

-Պարապլանն ունի մանևրելու գերազանց բնութագիր, որը այդ սպորտաձևը դարձնում է ամենատեսարժաններից մեկը (աէրոբատիկա):

 

——————————————————————————————————-

* արևը անհավասարաչափ է ջերմացնում երկրի մակերևույթը, և առավել տաքացած հատվածների հետ շփվող օդը բարձրանում է վեր

**  քամու ժամանակ օդը հանդիպելով լեռներին` վեր է բարձրանում լանջերով