Պատմական ակնարկ

 

Պլաներային սպորտի նախահայրն է Օտտո Լիլիենտալը: Նա առաջինն էր, ով 19-րդ դարի վերջին Գերմանիայում պատրաստում էր սավառնակներ (պլաներ) և թռչում էր դրանցով սարի լանջից:

Ավելի ուշ` 1960–ական թվականերին ԱՄՆ–ում, NASA–ի հերթական ծրագրի շրջանակներում Ֆրենսիս Ռոգալլոն նախագծեց մի սարք, որը իրենից ներկայացնում էր դելտապլանի նախատիպը: Շնորհիվ դելտապլանի անհամեմատ ավելի թեթև կշռի քան պլաներինն է, այն դարձավ ավիացիոն մարզաձևերի մեջ ամենատարածվածը:

Մյուս կողմից` տարեցտարի փոխվում էր նաև պարաշյուտների կառուցվածքը, և 1970-ական թվականներին ասպարեզ եկավ ուղղանկյունաձև, ղեկավարվող պառաշյուտը, որն էլ հենց հանդիսացավ պարապլանի նախատիպը: Պարապլանի թեթև կշիռը և տեղափոխման հարմարավետությունը աննախադեպ էր, ինչի շնորհիվ պարապլաներային սպորտը շատ արագ մեծ տարածում գտավ սկզբում Ֆրանսիայում, այնուհետև ամբողջ Եվրոպայում և վերջապես ողջ աշխարհում:

Այսօրվա դրությամբ այն իրենից ներկայացնում է ամենագեղեցիկ սպորտաձևերից մեկը, որը միավորում է աշխարհի ավելի քան 100.000 մարդկանց, որոնք ընտրել են առողջ ապրելակերպը, սիրում են բնությունը, լեռները և համատեղում են թռիչքի աննկարագրելի բերկրանքը շրջագայությունների և նորանոր արկածների հետ: